Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում դերերի հստակեցում նախատեսող օրենսդրական փաթեթը
Ազգային ժողովն այսօր ընդունել է առաջին ընթերցմամբ փետրվարի 27-ին քննարկված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
Հարցը զեկուցելիս Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը նշել է, որ սահմանվում են պարտականություններ նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի համար։ Մասնավորապես՝ շենքի կառուցումից հետո՝ մինչև սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը, կառուցապատողը սեփականատերերի անունից ձևավորում է կառավարման մարմին: Վերջինին կառուցապատողը փոխանցում է շենքի նախագծային փաստաթղթերը, իսկ չփոխանցելու դեպքում ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Օրինագծով սահմանվում են բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման առանձնահատկություններն ու սահմանափակումները:
Բացի այդ հստակեցվում են բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, որոնք հիմնականում վերաբերում են օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակմանը, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների վարմանը, խորհրդատվական նյութերի մշակմանը, ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի մշտադիտարկմանը: